Ադրբեջանի քաղաքացիները Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան շուրջ 500 հայց են ներկայացրել ընդդեմ Հայաստանի. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի քաղաքացիները 1992 թվականից ընդդեմ Հայաստանի շուրջ 500 հայց են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան, հայտնեց Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում երկրի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։
«Հայաստանի կառավարությունը՝ որպես երրորդ կողմ, պաշտոնապես մասնակցում է տվյալ հայցերի քննարկմանը։ Այդ հայցերից երկուսն արդեն վարույթ են ընդունվել»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսին տեղեկացրեց նախարարի տեղակալը։
Ինչպես նշեց Կոստանյանը, ՄԻԵԴ-ում քննարկման գործընթացում է գտնվում ադրբեջանցի փախստականների հայցն ընդդեմ Հայաստանի, այն դեպքում, երբ եվրոպական դատավորների քննարկման առարկան արդեն դարձել է հայ փախստականների հայցն ընդդեմ Ադրբեջանի։
ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչն ավելացրեց, որ քննարկման գործընթացում են գտնվում Ղարաբաղի Արծվաշեն և Գյուլիստան գյուղերի բնակիչներ Առաքելյանի և Ասատրյանի հայցերն ընդդեմ Ադրբեջանի։
Արդարադատության նախարարի տեղակալը միաժամանակ հստակեցրեց, որ ՄԻԵԴ –ի կողմից Ադրբեջանից հայ փախստականներին ներկայացված պահանջը՝ նախ դիմել ադրբեջանական դատարաններ, պայմանավորված է համընդհանուր իրավական նորմերով։
«Ցանկացած հայց կարող է դրվել ՄԻԵԴ-ի քննարկմանը, եթե սպառված են մարդու իրավունքների պաշտպանության բոլոր ներպետական գործընթացները։ Սակայն այս գործընթացների անհնարության կամ անարդյունավետության ապացույցները ներկայացնելու դեպքում քաղաքացին ազատվում է այդ պարտավորությունից»,- նշեց նա։
Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանը ստեղծվել է 1959թ.մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական հռչակագրի զարգացման նպատակով ։ ՄԻԵԴ-ի իրավասությունների մեջ է մտնում ինչպես պետությունների միջև վեճերի, այնպես էլ իրենց պետությունների կամ Հռչակագրի այլ անդամ-պետությունների այն գործողությունների քննումը, որոնք ոտնահարել են քաղաքացիների իրավունքները։ Եվրադատարանի կողմից քաղաքացիների բողոքների կապակցությամբ ընդունված վճիռները պարտադիր են պատասխանող-պետության համար։ ՄԻԵԴ-ի վճիռների իրագործումը վերահսկում է Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդը։
Այսօր ՄԻԵԴ-ի անդամ են Եվրոպայի խորհրդի բոլոր 47 անդամ-երկրները։ Հայաստանը Եվրադատարանի անդամ է 2003թ.-ից։ Մեր հանրապետությունը ներկայացնում է դատավոր Ալվինա Գյուլումյանը։--0--