Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի կատարման մեջ բացթողումներ կան. բնապահպանության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը կարծում է, որ Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի կատարման գործընթացում բացթողումներ կան։
«Չնայած նրան, որ մեր երկիրն ակտիվորեն մասնակցում է Օրհուսի շարժմանը, այսօրվա դրությամբ լուրջ խնդիրներ կան բնապահպանական խնդիրների շուրջ որոշումներ ընդունելիս հասարակության դերի բարձրացման գործում»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Պապյանը։
Նրա խոսքերով, հասարակությունը պետք է լուրջ ներդրում ունենա որոշումների ընդունման գործընթացում։
Այս համատեքստում նախարարի առաջին տեղակալը նշեց լայնամասշտաբ հասարակական լսումների անցկացման կարևորությունը, ինչպես նաև սեմինարների կազմակերպումը։
Միաժամանակ Պապյանն ավելացրեց, որ սկսած 2006 թ.-ից միջազգային կառույցներն արձանագրել են Հայաստանի առաջընթացը՝ կոնվենցիայի շրջանակներում պարտականությունների կատարման գործում։
ՄԱԿ-ի ԵՏՀ «Տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության և բնապահպանական հարցերով արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան հայտնի է Օրհուսի կոնվենցիա անունով, այն քաղաքի անունով, որտեղ այն ստորագրվել է։ Կոնվենցիան ստորագրվել է 38 երկրների կողմից 1998 թ. հունիսի 25-ին՝ «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» գործընթացի շրջանակներում՝ եվրոպական երկրների բնապահպանության նախարարների 4-րդ համաժողովի ժամանակ։-0-