Հայաստանի փոխվարչապետը կգլխավորի «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհուրդը

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմում փոփոխություններ կատարելու մասին:
«Փոփոխությունների համաձայն, «ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար» (խորհրդի նախագահ) բառերը փոխարինվել են «ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար» (խորհրդի նախագահ) բառերով», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված մամուլի հաղորդագրության մեջ։
Նախօրեին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար է նշանակվել Արմեն Գևորգյանը։
Տրանսպորտի և կապի նախկին նախարար, այժմ նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանի փոխարեն Հիմնադրամի կառավարման խորհրդում ընդգրկվել է տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Գուրգեն Սարգսյանը։
Խորհրդի կազմում կատարվել է նաև լրացում, որի համաձայն դրա մեջ է ընդգրկվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արա Գյուրջյանը:
Լինսի հիմնադրամը ֆինանսավորվում է ամերիկահայ գործարար, միլիարդեր Քըրք Քըրքորյանի կողմից։ «Լինսի» հիմնադրամի առաջին ծրագիրը Հայաստանում 2001-2003թթ. կազմել է 150 մլն. ԱՄՆ դոլար։
Ներկայումս իրականացման փուլում է գտնվում հիմնադրամի երկրորդ ծրագիրը, որն արժե 60 մլն ԱՄՆ դոլար։ Այդ միջոցներով իրականացվելու է երեք նախագիծ. ճանապարհաշինություն՝ 20 մլն., Երևանի փողոցների վերականգնում՝ 20 մլն., և դպրոցների բարեկարգում (նույն արժողությամբ)։--0—