ՀՀ վարչապետ է նշանակվել Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ է նշանակվել Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին նախագահի լրատվական ծառայությունից, համապատասխան հրամանագիրը ապրիլի 9-ին ստորագրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Այսօր Երևանում տեղի ունեցավ 2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթած Սերժ Սարգսյանի երդման արարողությունը։ Իր լիազորությունները ստանձնելուն պես նոր նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը։
ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, հանրապետության նոր նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:
Ինչպես չորեքշաբթի հայտնեց ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, Հայաստանի կառավարության նոր կազմը ձևավորվելու է հաջորդ շաբաթ։
Տիգրան Սարգսյանը ծնվել է 1960թ. հունվարի 29-ին՝ Կիրովական քաղաքում։ 1978-1980թթ. ուսանել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանավորման և տնտեսության ֆակուլտետում։ 1980-1983թթ. սովորել է Լենինգրադի Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտում (Ռուսաստան)։ 2005թ. դեկտեմբերի 2-ին նրան շնորհվել է Երևանի Պետական
Տնտեսագիտական Համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։
1987-1990թթ. աշխատել է Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես միջազգային տնտեսական կապերի վարչության պետ։ 1988-1993թթ. եղել է Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահը, 1990-1991թթ.՝տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր։
1993-1994թթ. Երևանի պետական համալսարանում դասավանդել է բանկային գործ։ 1990-1995թթ.՝ ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր էր, ՀՀ Գերագույն Խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1995- 1998թթ. եղել է Հասարակական բարեփոխումների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ 1995-1998թթ.՝ Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ։ 1998 մարտի 3 –ից՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահն է, 2005թ. մարտի 2-ից յոթ տարի ժամկետով վերանշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ --0—