Հայաստանի նորընտիր նախագահը ժամանել է իր երդման արարողությանը
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ Ազգային ժողովի հատուկ նիստում կկայանա նախագահի երդմնակալությունը։
ՀՀ գործող վարչապետ Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունում հաղթանակ է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Եվրոպայի և ԱՊՀ դիտորդական առաքելություններն ընտրությունները ճանաչել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան։
Այն բանից հետո, երբ ՀՀ նորընտիր նախագահը երդում կտա Վեհամոր Ավետարանի և Սահամանդրության Մայր օրինակի վրա, նա կուղևորվի նախագահի նստավայր, որտեղ նրան կդիմավորեն երկրի պատմության մեջ արդեն երկրորդ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ Բելլա Քոչարյանի հետ։
Քոչարյանը երկրի նոր նախագահին կփոխանցի իր լիազորությունները։
ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցում են 58 երկրների պաշտոնական պատվիրակություններ, 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը, ԱՄՆ-ի պատվիրակությունը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան։ Հյուրերի թվում են նաև Չեխիայի սենատի նախագահ Պրշեմիալ Սոբոտկան, Թուրքմենստանի մեջլիսի նախագահ Ակջու Նուրբերդիեւը, Վրաստանի վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեն, Իրանի էներգետիկայի նախարար Փ. Ֆաթահը։
Արարողությանը մասնակցում են նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան–Ֆրանսուա Բյուրոն, Արաբական պետությունների լիգայի քարտուղարի տեղակալ Մ. Սեդեյը։
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: --0-