Հայաստանի իրավապահ մարմինները մարտի 1-25-ը առգրավել են մի ամբողջ զինանոց

ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից մարտի 1-25-ը հայտնաբերվել և առգրավվել է երկու ատրճանակ։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, առգրավվել է 2 ատրճանակ, 2 ինքնաշեն ատրճանակ, 12 հրացան, 5 ինքնաձիգ, 3 ինքնաշեն ինքնաձիգ, տարբեր տեսակի 111 նռնակ, 1 ինքաշեն նռնակ, նռնակի 6 պայթուցիչ, 3 ական, 1 օպտիկական սարք, լուսազդանշանային 9 հրթիռ, տարբեր տրամաչափի 2936 փամփուշտ և ինքնաձիգի 87 պահունակ։
Նույն ժամանակահատվածում քաղաքացիների կողմից կամավոր հանձնվել է 5 ատրճանակ, 1 ինքնաշեն ատրճանակ, ինքնաշեն կրակող 1 սարք, 9 հրացան, 2 ինքնաձիգ, տարբեր տեսակի 133 նռնակ, 3 ինքնաշեն նռնակ, 5 ական, ինքնաշեն 2 ական, տարբեր տրամաչափի 6908 փամփուշտ և ինքնաձիգի 163 պահունակ:
Տեղեկատվության մեջ ասվում է, որ Երևանում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում բերման է ենթարկվել 21 անձ, որոնցից 12-ը՝ Երևանում, 9-ը՝ հանրապետության մարզերում։
«Բերման ենթարկվածներից 5-ը ձերբակալվել են, որոնցից երկուսը կալանավորվել են, մեկի հարցը քննարկման փուլում է և երկուսը ստորագրությամբ բաց են թողնվել: Ամսվա ընթացքում վարչական վարույթ է հարուցվել 68 անձի նկատմամբ», - ասվում է Ոստիկանության մամուլի ծառայության տեղեկատվության մեջ։
Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության բաժիններ են բերվել վերջին օրերին մայրաքաղաքում հրահրված, այսպես կոչված՝ «քաղաքական զբոսանքների» և «քաղաքական ընթերցումների» կազմակերպիչներ ու մասնակիցներ, որոնց բացատրվել է իրենց գործողությունների անօրինական լինելը, ինչպես և ճշտվել է զանգվածային անկարգություններին նրանց մասնակցելու հանգամանքը:
ՀՀ ոստիկանությունը հավաստում է ցանկացած հակաօրինական և հակահասարակական գործողության համարժեք պատասխանելու, օրենքի և իրավասությունների շրջանակներում երկրի սահմանադրական կարգն ու հասարակական կարգուկանոնը պաշտպանելու իր վճռականությունը։
ՀՀ իրավապահ մարմինները քաղաքացիներին կրկին կոչ է անում՝ լինել ողջամիտ ու շրջահայաց և չտրվել սադրանքներին:
ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով նախագահ հրամանով Երևանում մարտի 1-20-ը գործում էր արտակարգ դրություն։
Բախումների հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, ևս 265 մարդ ստացել են վնասվածքներ։
ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է 106 մարդ։-