Հայաստանի վարչապետը չի բացառում զանգվածային անկարգությունների համար մեղադրվող անձանց համաներումը

19.03.2008, 18:07
Հայաստանի վարչապետը չի  բացառում զանգվածային անկարգությունների համար  մեղադրվող անձանց համաներումը
Հայաստանի վարչապետը չի  բացառում զանգվածային անկարգությունների համար  մեղադրվող անձանց համաներումը

Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Երևանում զանգվածային անկարգություներ կազմակերպելու և դրանց մասնակցելու համար կալանավորված անձանց համաներում շնորհելու քայլին կգնա՝ միայն այդ քայլի նպատակահարմարությունից ելնելով։

«Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել իրավիճակը։ Եթե դրանից հետո ես եզրակացնեմ, որ դա անհրաժեշտ է, ապա, իհարկե, համաներում կհայտարարվի, հակառակ դեպքում՝ ոչ»,-ասաց Սարգսյանը չորեքշաբթի Ազգային ժողովում։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, ևս 230-ը վիրավորվել է։

Գլխավոր դատախազության տվյալներով, Հայաստանի Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող՝ անկարգությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում կալանավորվել է 106 մարդ։

Սարգսյանի խոսքերով, հանամերումը հասարակության գնահատականը ստանալու համար արված զուտ քաղաքական քայլ չի լինի ։ «Բոլոր իմ քայլերն ուղղված կլինեն միայն մեր երկրի զարգացմանը»,-ասաց վարչապետը։

Մեկնաբանելով մարտի 1-2-ի դեպքերը միջազգային հետաքննության ենթարկելու վերաբերյալ ընդդիմության հայտարարությունը՝ կառավարության ղեկավարը հայտնեց, որ օտարերկրյա փորձագետների Հայաստան ժամանումը և միջազգային հանձնաժողովի ստեղծումը ՄԱԿ-ի կանոնակարգով նախատեսված արարողակարգ է։

«Եթե դուք ծանոթանաք այդ արարողակարգին, ապա կարող եք գնահատել նման  քայլի նպատակահարմարությունը»,-ասաց վարչապետը։ Ընդ որում նա ավելացրեց, որ Հայաստանում ինքը քաղբանտարկյալներ չգիտի։-0-