Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է ուղղել Աթենքի և Համայն Հելլադայի նորընտիր Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հերոնիմոս Բ-ին

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական գիր է ուղղել Աթենքի և Համայն Հելլադայի նորընտիր Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հերոնիմոս Բ-ին:
«Ուրախությամբ տեղեկացանք Ձերդ Ամենապատվության` Աթենքի և Համայն Հելլադայի Արքեպիսկոպոս ընտրվելու մասին, որի առիթով շնորհավորում ենք Ձեզ և Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք Մեր եղբայրական սերն ու բարեմաղթանքները», - ասվում է Գարեգին Երկրորդի ուղերձում, որը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն են տրամադրել Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքերով, Աթենքի Արքեպիսկոպոսը` իբրև «Տիրոջ այգու մշակ», երկար տարիներ ծառայելով եկեղեցական բարձր և պատասխանատու պաշտոններում, եղել է կրթության ջատագովը և առանձնակի ուշադրությամբ խրախուսել քրիստոնեական դաստիարակությունն ու երիտասարդ հոգևորականների աստվածաբանական կրթությունը:
«Կրթության և լուսավորության առաքինի գործը դարեր ի վեր մշակութասեր և եղբայրական մեր ժողովուրդների բարեկամության ակունքներում է եղել, որոնք այսօր ավելի են ամրապնդվում Հունաստանի հյուրընկալ երկրում հայ համայնքի և հայոց թեմի գործունեությամբ, միջպետական և միջեկեղեցական հարաբերություններում սիրո համագործակցությամբ», - ասվում է ուղերձում։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս է հայտնել, որ Աթենքի և Համայն Հելլադայի նորընտիր Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հերոնիմոս Բ-ի
գահակալության տարիներին հեռանկարներով լի այս հարաբերություններն ավելի կհարստանան աստվածահաճո և արդյունաշատ գործերով ու ձեռքբերումներով։-0-