Հաշմանդամները հետևելու են Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Քվեարկության օրը Հայաստանի նախագահական ընտրություններին հետևելու են հաշմանդամների իրավունքների պաշտպանության «Ունիսոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, հայտարարեց «Ունիսոն» կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը։
«Ընտրությունների օրը մեր կազմակերպության կողմից աշխատելու է 13 մարդուց բաղկացած դիտորդական առաքելություն, որոնցից վեցը հաշմանդամ են»,- ասաց նա։
Ալավերդյանը նաև նշեց, որ չորս դիտորդներ աշխատելու են Հայաստանի երեք մարզերում՝ Կոտայքում, Լոռիում և Սյունիքում։
«Առաջին հերթին առաքելությունը հետևելու է, թե ինչպես են իրականացվում հաշմանդամների իրավունքները և որքանով են նրանք պաշտպանված»,- նշեց նա։ Միաժամանակ Ալավերդյանն ավելացրեց, որ առաքելությունը հետևելու է նաև ընտրական ընդհանուր գործընթացին։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկել է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև փետրվարի 17-ը։--0—