Հայաստանի եվրաինտեգրումը կարևոր է երկրի ներքին կյանքի կարգավորման համար. խոսնակ

Եվրոպական ինտեգրումը Հայաստանի համար այլընտրանք չունի և հատկապես կարևորվում է երկրի ներքին կյանքի կարգավորման առումով, հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը` նախօրեին Երևանում Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելի գլխավորությամբ Եվրամիության «եռյակի» պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տիգրան Թորոսյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության նոր շենքի բացման առիթով, որը կնպաստի Եվրամիության հետ հարաբերությունների սերտացմանը։
Աժ նախագահն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներից հետո երկրում կատարված փոփոխություններին` իշխանության երեք թևերի միջև հակակշիռների և զսպումների մեխանիզմի ստեղծման, մարդու իրավունքների պաշտպանության, դատական և տեղական ինքնակառավարման համակարգերի բարեփոխումների առումով:
Պատասխանելով Սլովենիայի արտաքին գործերի նախարար, ԵՄ եռյակի ղեկավար Դմիտրի Ռուպելի, եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆեռերո Վալդների, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի հարցերին` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշել է, որ Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունները կարևորում է ոչ միայն եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի իրականացման, այլև արժեքների և սկզբունքների ընդհանրության առումով:
Նրա խոսքերով, այդ առումով ամենակարևորը երկրի ներքին կյանքի կազմակերպումն է եվրոպական արժեհամակարգի համաձայն: «Հայաստանում գերադասում են նախ աշխատել, ապա` արվածի մասին բարձրաձայնել», - ընդգծել է նա։
Աժ նախագահը կարևորել է նաև Եվրախորհրդարանի հետ կապերի ամրապնդումը:
Հանդիպմանը ներկա էին Բելգիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը և պաշտոնատար այլ անձինք:
ԵՄ նախարարական «եռյակի» պատվիրակությունը, որի կազմում են արտաքին կապերի ԵՄ հանձնակատար Բենիտա Ֆեռերո Վալդները, Եվրամիության նախագահ, Սլովենիայի ԱԳ նախարար Դմիտրի Ռուպելը, Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպայի վարչության ղեկավար Ժակ Ֆորնը, այլ պաշտոնատար անձինք, երկօրյա այցով Հայաստան է ժամանել երեքշաբթի։-0-