Հայաստանի հիմնական խնդիրը քաղաքականության և տնտեսության ոլորտների սահմանազատումն է. նախագահի թեկնածու
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի համար հիմնական խնդիրը քաղաքականության և տնտեսության ոլորտների սահմանազատումն է, երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։
«Հայաստանի խնդիրների մեծ մասի պատճառը մի ոլորտի ազդեցությունն է մյուսի վրա»,- հայտարարեց նա։
Հարությունյանն ընդգծեց, որ քաղաքականության միաձուլումը տնտեսության հետ շատ սոցիալական ոլորտներում դժվար լուծելի խնդիրներ է առաջացնում, մասնավորապես, կրթության և առոջապահության ոլորտներում։
Խոսելով առաջիկա նախագահական ընտրությունների մասին՝ Հարությունյանը նշեց, որ արդար ընտրությունների անցկացումը ոչ միայն ընտրական հանձնաժողովների խնդիրն է, այլև՝ հենց ընտրողների։
«Եթե ժողովուրդն ինքը դառնա իր ձայների պաշտպանը, ապա ընտրությունները չի հաջողվի կեղծել»,- նշեց նա։
«Ազգային համաձայնություն» կուսակցությունը հիմնվել է 2000 թվականին։ Ստեղծման օրից կուսակցությունը մասնակցել է 2003 և 2007 թվականների ընտրություններին, իսկ կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանն առաջադրվել էր 2003թ. նախագահական ընտրություններին, սակայն հաջողության չէր հասել։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։--0—

