ՀՀ ոստիկանությունը կոչ է անում նախկին նախագահին հայտարարություններ անել ստուգված տվյալների հիման վրա

27.12.2007, 17:56
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում նախկին նախագահին հայտարարություններ անել ստուգված տվյալների հիման վրա
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում նախկին նախագահին հայտարարություններ անել ստուգված տվյալների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հինգշաբթի հայտարարություն է տարածել, որում կոչ է անում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին իր հայտարարություններում օգտագործել ստույգ տեղեկություններ։

Հայտարարության մեջ նշվում է, որ սխալմունքը կարող է լինել մեկը կամ երկուսը, առավելագույնը՝ փաստերի կեղծման կամ խեղաթյուրման երեք դեպք։

«Եթե դրանք ավելի շատ են, ուրեմն դա արդեն օրինաչափություն է, գաղափարական գիծ, ռազմավարություն։ Մեր ժողովրդի, երկրի, պետականության համար վտանգավոր ռազմավարություն, քանր որ երկպառակտություն է առաջացնում մեր հասարակությունում, մարդկանց մեջ անվստահություն է սերմանում դեպի պետական իշխանությունները, ստեղծվում է կասկածամտության մթնոլորտ»,- նշեցին ոստիկանությունում։

Այս վտանագվոր միտումների շարքում ոստիկանությունում հատկապես նշեցին իրավապահ մարմիններին քաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերը, մասնավորապես՝ ոստիկանությանը։

«Մեր երկրի, պետության և ժողովրդի ճակատագրի և ապագայի մասին մտահոգությունը կրկին ստիպում է մեզ խելամտության կոչ անել»,- նշեցին ոստիկանությունում։

Հայտարարությունում նշվում է, որ ՀՀ ոստիկանությունը միանշանակ ապաքաղաքական կառույց է, որը գործում է բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավասությունների շրջանակներում, պահպանում է օրենքի ոչ միայն ոգին, այլև տառը, հավատարիմ մնալով իր առաջնային խնդիրների անվերապահ իրագործմանը՝ հասարակական կարգի ու կանոնի պահպանում և քաղաքացիների պաշտպանություն։

Ոստիկանությունում նշեցին, որ իր նպատակներին հասնելու համար Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները ոչ մի բանի առջև կանգ չեն առնում՝ սկսած փաստերի սովորական խեղաթյուրումից՝ վերջացնելով պլանավորված վրդովմունքներով։

Մասնավորապես, հայտարարությունում նշվում է, որ այսպիսի սկզբունքներով էր առաջնորդվում Տեր-Պետրոսյանը նաև դեկտեմբերի 22-ի իր ելույթում, որն ավելի շուտ հիշեցնում էր «խռովություն բարձրացնելու հրահանգի, քան նախագահի թեկնածուի ծրագրի»։

Ոստիկանությունում հերքեցին Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ «նրա հազարավոր կողմնակիցներ կանչվում են ոստիկանություն և ճնշման ենթարկվում հանրահավաքներին մասնակցելու համար»։

Ոստիկանությունում հերքեցին նաև, որ Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ հավաքույթներին մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ։ «Ոստիկանության համակարգում ունեցած ստույգ հաշվարկներով առաջին հանրահավաքին մասնակցել է ինը հազար մարդ, երկրորդին՝ ութ հազար մարդ, երրորդին՝ վեց հազար»,- նշվում է հայտարարությունում։

Հայտարարությունում նաև ասվում է, որ, չնայած Տեր-Պետրոսյանի պնդումներին, Երևանում պայթեցվել է ոչ թե «Չորրորդ իշխանություն» ընդդիմադիր թերթի խմբագրությունը, այլ խմբագրության դուռը։

Ոստիկանությունում ընդգծեցին, որ խեղաթյուրում է նաև Տեր-Պետրոսյանի պնդումն այն մասին, որ անցած ամիսների ընթացքում «իշխանությունները կալանավայրերից ազատ են արձակել բազմաթիվ մեղադրյալների և դատապարտվածների, որոնք ի պատասխան պետք է նախագահական ընտրությունների որոշակի ծառայություններ մատուցեն»։

«Իրականում, 2007թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատությունների հանձնաժողովները 632 խնդրագիր-միջնորդագրեր են ներկայացրել՝ ժամկետից շուտ պայմանական ազատման կամ ազատազրկման ժամկետի ավելի մեղմ պատժաչափի կիրառման մասին, որոնցից դրական պատասխան են ստացել 178-ը։ 2006թ. նույն ժամանակամիջոցում ներկայացվել է 498 խնդրագիր, որոնցից բավարարվել են 127-ը»,- նշվում է հայտարարությունում։--0—