Նախընտրական արշավը Հայաստանում կոշտ է լինելու, կարծում է Կոմկուսի նախագահը
Հայաստանում նախագահական ընտրությունների նախօրեին նախընտրական արշավը ավելի կոշտ է լինելու, քան մայիսյան խորհրդարանական ընտրություններին, կարծում է Հայաստանի Կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։
«Մի կողմից քաղաքական ասպարեզ են դուրս եկել նախկին իշխանությունները, մյուս կողմից՝ ներկա իշխանությունները։ Նման դասավորվածության հետևանք կլինի նախըտրական ժամանակաշրջանում ավելի կոշտ մեթոդների կիրառումը», - չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց Թովմասյանը։
Նրա կարծիքով, նախագահի թեկնածուները ելույթ են ունենում ամպագորգոռ հայտարարություններով, որոնք, սակայն, չեն ազդում երկրում տիրող իրավիճակի վրա։ «Երկրում ոչինչ չի փոխվել, որոշ շահագրգռված անձինք, ինչպես միշտ, կփորձեն խանգարել ընտրությունների ընթացքը», - ավելացրեց նա։
Միաժամանակ Թովմասյանը նշեց, որ ժողովուրդը քաղաքական գործընթացներից մի կողմ է կանգնած։ «Ժողովուրդն արդեն հետաքրքված չէ նախագահի թեկնածուներով, և մարդկանց համար այնքան էլ կարևոր չէ, թե ում օգտին քվեարկեն», - ասաց Թովմասյանը։
Այս համատեքստում Թովմասյանն ավելացրեց, որ Հայաստանի Կոմկուսը դիմել է մարտավարական քայլի՝ նախընտրական արշավից հեռու մնալ և չսատարել թեկնածուներից ոչ մեկին։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։ --0—