Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները կորոշեն երկրի զարգացման հետագա ուղին. կարծիք

04.12.2007, 16:37
Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները կորոշեն երկրի զարգացման հետագա ուղին. կարծիք

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները թույլ կտան հստակեցնել՝ կշարունակի՞, արդյոք, երկիրն ընթանալ դեպի բռնապետություն, կընթանա ժողովրդավարությա՞ն ուղով, թե՞ կդոփի տեղում, կարծում է Հայաստանի Ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Շավարշ Քոչարյանը։

«Հայաստանի համար հիմա վտանգավոր է մնալ տեղում՝ նկատի ունենալով արտաքին վտանգները, սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, որը չի թաքցնում մեր երկրի նկատմամբ իր ագրեսիվ տրամադրվածությունը, ինչպես նաև մի շարք այլ արտաքին և ներքին գործոններ»,-ասաց Քոչարյանը երեքշաբթի մամուլի ասուլիսում։

Նրա խոսքերով, այսօր Հայստանը ներքին զարգացումից բացի տարածաշրջանում մրցակցության այլ պաշարներ չունի։

«Իհարկե, նախագահի լիազորություններն այսօր սահմանափակ են, բայց երկրի ղեկավարն, այնուամենայնիվ, տիրապետում է երկրի ղեկավարման կարևոր լծակներին, մասնավորապես, կարող է ուղղորդել երկրի կարևոր համակարգային վերափոխումները, նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, ունի վետոյի իրավունք»,-ասաց Քոչարյանը՝ ընգծելով փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների կարևորությունը։

Նա ընդգծեց նաև ժողովրդին նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածուների ծրագրերի և գաղափարների լիարժեք ներկայացման կարևորությունը։

«Ցավոք, դա առայժմ թույլ է արտահայտված։ Անհրաժեշտ է, որպեսզի ժողովուրդն արտահայտի իր կամքը, խնդիրների իր տեսլականը և դրանց լուծման ճանապարհները՝ ձայներ տալով այս կամ այն թեկնածուին»,-ընգծեց Քոչարյանը։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ Նախագահի պաշտոնում առաջադրվել են՝ ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ից ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը,  ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։--0--