2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից Հայաստանի տնտեսություն ուղիղ ներդրումների հոսքն աճել է 63,2 անգամ՝ մինչև 101,6 մլն. դոլար

30.11.2007, 18:58
2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից Հայաստանի տնտեսություն ուղիղ ներդրումների հոսքն աճել է 63,2 անգամ՝ մինչև 101,6 մլն. դոլար

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից Հայաստանի տնտեսության  իրական սեկտոր մտնող ուղիղ ներդրումների հոսքը, 2006թ. հունվար-սեպտեմբերի համեմատ, աճել է 63,2 անգամ և կազմել 101,6 մլն. դոլար, «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Ազգային վիճակագրական  ծառայությունից։

Միաժամանակ, ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանի տնտեսական իրական սեկտոր կազմել է 175,9 մլն. դոլար՝ ավելանալով 5,1 անգամ։

Վիճակագրական տվյալներով, Ռուսաստանից ներդրողներին բաժին է ընկել Հայաստանի տնտեսական իրական սեկտորի միջազգային ներդրումների 37,4 տոկոսը և ուղիղ ներդրումների 32,6 տոկոսը։

Ռուս ներդրողներն իրենց միջոցների 30,1 տոկոսը (52,9 մլն. դոլար) ուղղել են արտարդության և էլեկտրոէներգիայի, գազի, տաք ջրի և ջեռուցման մատակարարման ոլորտներ, կապի ոլորտին՝ 25,6 տոկոս (45,1 մլն. դոլար) և 17,6 տոկոս (30,9 մլն. դոլար)՝ մետալուրգիայի արդյունաբերությանը։

Դեպի Հայաստան կատարված ներդրումների ծավալով 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանը զբաղեցրել է առաջին տեղը։

Ընդհանուր առմամբ, 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսությունում միջազգային ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 469,9 մլն. դոլար, որից 311,6 մլն. դոլարը կազմել են իրական սեկտորում ուղիղ ներդրումները։ --0—