Հայաստանում նշել են ԶՈւ հետախուզության ձևավորման 15-ամյակը

05.11.2007, 17:47
Հայաստանում նշել են ԶՈւ հետախուզության ձևավորման 15-ամյակը
Հայաստանում նշել են ԶՈւ հետախուզության ձևավորման 15-ամյակը

Հայաստանում նշում են Հայաստանի  Զինված ուժերում հետախուզության ձևավորման 15-ամյակը։ Ռազմական հետախուզության օրվա շրջանակերում երկուշաբթի Հատուկ նշանակության գնդում անցկացվեցին ցուցադրական միջոցառումներ՝ հետախուզական և հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ։

Ինչպես Հետախույզի օրվա տոնակատարության ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, հայ հետախույզները անցած տարիների ընթացքում արժանացել են ամենաբարձր մարտական պարգևների։

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ սպաների և զինծառայողների առջև, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար։ Այժմ, իհարկե, ձեռք է բերվել հարաբերական խաղաղություն, սակայն զինծառայողի, և, առավել ևս, հետախույզի համար հանգիստ ծառայություն չի լինում»,-ասաց նա։

Նախարարը նկատեց, որ հայկական հետախուզությունը մշտապես շարունակում է իր առանձնահատուկ ծառայությունը և լիովին համակարգում է իրավիճակը տարածաշրջանում՝ կանխատեսելով թշնամական ծրագրերի բոլոր ուղղություններն ու փուլերը։

«Մեր հետախույզները մեծ ներդրում են ունենում Հայաստանի առջև ծառացած վտանգների կանխման գործում։ Այսօր ես իմ առջև տեսնում եմ ինչպես մարտական փորձ ունեցող և ամենահայտնի հետախուզական կենտրոններում պատրաստություն անցած հետախույզների, այնպես էլ վճռականությամբ լի երիտասարդության»,-ասաց Հարությունյանը։ Նա նշեց, որ հետախուզական դպրոցի 15-ամյա լավագույն ավանդույթները պետք է պահպանվեն և շարունակվեն։

Իր հերթին ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետ, Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արշակ Կարապետյանը հավելեց, որ հետախուզական վարչությունը ցանկացած բանակի հզորության և մարտունակության հիմքն է։ «Այսօր հետախուզությունը վերափոխվել է, զորքերը՝ վերակազմավորվել, ստեղծվել են նոր ստորաբաժանումներ, որոնք հագեցած են ժամանակակից նորագույն հետախուզական միջոցներով։ Մեր սպաներն ու զինվորներն ամեն օր զարգացնում և բարձրացնում են մասնագիտական հմտությունները»,-ասաց նա։

Կարապետյանը նկատեց, որ հետախուզության կայացման գործում իրենց դերն են ունեցել այն բոլոր հետախույզները, որոնք մասնակցել են տարբեր պատերազմների, հատկապես՝ աֆղանական և արցախյան պատերզամներին։ Նա հավաստիացրեց, որ հայկական հետախուզությունը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի իր մասով պաշտպանի հայրենիքը։

Հատուկ նշանակության գունդը, որպես զորամիավորում, ստեղծվել է 1992թ.-ին՝ Հայկական բանակի ձևավորման առաջին իսկ օրերից։ Այս տարվա մայիսի 25-ին Հայոց բանակի կազմավորման 15-ամյակի կապակցությամբ, Հատուկ նշանակության գունդը՝ Հայաստանի Զինված ուժերի զարգացման և հանրապետության սահմանների պաշտպանության գործում ունեցած ներդրումի համար պարգևատրվել է «Երկրորդ աստիճանի Մարտական խաչի» շքանշանով։--0--