Հայաստանում հոկտեմբերի 11-17-ը գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ
Հայաստանում և հարակից տարածքներում հոկտեմբերի 11-17-ը գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, երկրաշարժերը գրանցվել են հոկտեմբերի 13-ին և 14-ին՝ հայ-վրացական սահմանակից գոտում՝ Աշոցք քաղաքից, համապատասխանաբար, 16 և 11 կմ. դեպի հյուսիս-արևելք։ Սեյսմիկ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ջավախքի ընդլայնման գոտում։
Սեյսմիկ ծառայության ամենշաբաթյա տեղեկատվության համաձայն, տարածաշրջանում գրանցվել է երեք և ավելի բալ ուժգնությամբ երեք երկրաշարժ։
Հոկտեմբերի 13-ին վրացական Դմանիսի քաղաքից 4 կմ. դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 3-4 բալանոց երկրաշարժ, իսկ հոկտեմբերի 17-ին հինգբալանոց երկրաշարժ է գրանցվել Իրան-Թուրքիա սահմանակից շրջանում՝ իրանական Ուրմիա քաղաքից 53 կմ. դեպի հյուսիս-արևմուտք։
Հաջորդ օրը նույն ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել թուրքական Էրզրում քաղաքից 55 կմ. դեպի հյուսիս-արևելք։—0--