ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիա

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 9-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիա։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախատեսվում են Ռոբերտ Քոչարյանի հանդիպումները Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի և Խորհրդարանի նախագահ Հերման վան Ռոմպայի հետ։
ՀՀ նախագահը ելույթ կունենա նաև հայ-բելգիական գործարար համաժողովում, որը տեղի կունենա Cercle de Lorraine ակումբում։
Բրյուսելում նախատեսված են նաև Ռոբերտ Քոչարյանի հանդիպումները Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Լուիս Մանուել Բարոսոյի, ԵՀ փոխնախագահ, արդարադատության հարցերով հանձնակատար Ֆրատինիի, Եվրամիության գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների, ԵՄ մշակույթի և կրթության հարցերով հանձնակատար Յան Ֆիգելի, ԵՄ առևտրի հանձնակատար Պիտեր Մենդելսոնի հետ։
Այցի շրջանակներում ծրագրված է նաև Ռոբերտ Քոչարյանի առանձնազրույցը Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս Պոտերնգի հետ։
ՀՀ նախագահը կհանդիպի նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, Առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, Բելգիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրացման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, պաշտոնատար այլ անձինք, լրագրողներ։--0—