ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գոհ են ԼՂՀ նոր նախագահի հետ հանդիպումից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նոր նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումը շատ արգասաբեր և բովանդակալից էր, նախօրեին Ստեփանակերտում լրագրողներին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Յուրի Մերզլյակովը՝ ԼՂՀ նախագահի հետ հանդիպման ավարտից հետո։
Նրա խոսքերով, ԼՂՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ միջնորդները շարադրել են իրավիճակի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների իրենց տեսակետները, ինչպես նաև լսել են այս հարցի շուրջ ԼՂՀ նախագահի կարծիքը։
«Մեր այցի նպատակը Ղարաբաղ հենց Լեռնային Ղարաբաղի նոր նախագահի հետ հանդիպելն էր։ Այդ հանդիպումից մենք բավական շատ տպավորություններ ստացանք, և մեզ հարկավոր է ամեն ինչ կշռադատել և վերլուծել»,- նշեց Մերզլյակովը։
Իր կողմից ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն Բակո Սահակյանի հետ հանդիպումը գնահատեց որպես շատ հետաքրքիր և դրական։ «Հանդիպումը տեղի ունեցավ աշխատանքային մթնոլորտում։ Մենք մեր պատրաստակամությունն արտահայտեցինք՝ այսուհետև նույնպես զարգացնել և խորացնել հարաբերությունները ղարաբաղյան կողմի հետ»,- նշեց Ֆասյեն։
Մոտ ապագայում, նրա խոսքերով, մի շարք այլ հարցերի հետ միաժամանակ պետք է քննարկել նաև բանակցություններին ղարաբաղյան կողմի ուղղակի մասնակցության հարցը, և «որքան շուտ այդ հարցը լուծվի, այնքան լավ»։
Բանակցությունների ներկայիս ձևափաչը փոխելու մասին հարցին պատասխանելով՝ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նշեց, որ Հայաստանում և Ադրբեջանում նոր քաղաքական շրջան է սկսվում։
Նրա խոսքերով, այլ բանակցային ձևաչափերի մասին խոսելն այնքան էլ ճիշտ չէ, «անհրաժեշտ է պարզապես ավարտին հասցնել սկսածը»։
Տարածաշրջանային հերթական այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան նաև Երևանում և Բաքվում։ --0—