Հայաստանին ձեռնտու է Թուրքիայի մուտքը Եվրոմիություն. ամերիկացի վերլուծաբան

21.08.2007, 16:53
Հայաստանին ձեռնտու է Թուրքիայի մուտքը Եվրոմիություն. ամերիկացի վերլուծաբան

Հայաստանին ձեռնտու է Թուրքիայի մուտքը Եվրոմիություն, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Անվտանգության և պաշտպանության հարցերի Jane’s Information Group (Վաշինգտոն) վերլուծական կենտրոնի փորձագետ Ռիչարդ  Գիրագոսյանը։

«Թուրքիայի մուտքը Եվրոմիություն կարևոր է Հայաստանի համար՝ ազգային անվտանգության տեսանկյունից»,- ասաց նա։

Միաժամանակ Գիրագոսյանը նշեց, որ վերջին ամիսների գործընթացները ցույց են տալիս, որ Թուրքիան նահանջում է Եվրոպայից և արևմտյան արժեքներից։ «Քրդական հարցը Թուրքիային ստիպում է նայել դեպի Արևելք, ոչ թե Արևմուտք»,- ասաց նա։

Փորձագետը կարծում է նաև, որ ավելի լայն ընգրկումով՝ տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են կատարվում։

Գիրագոսյանի կարծիքով, կա երեք գործոն, որ նշանավորում են տարածաշրջանի վերափոխումը։ Նախ՝ դա քաղաքական գործոնն է՝ կապված Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, ապա նաև՝ ԱՄՆ-ում և Ռուսաստանում ընտրությունների հետ, ինչն ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա, երկրորդ՝ աշխարհաքաղաքական պահը, քանի որ Վրաստանը կողմնորոշվում է դեպի Արևմուտք և «դուրս է գալիս տարածաշրջանից», իսկ Ադրբեջանը մուտք է գործում կենտրոնական-ասիական տարածաշրջան, և Հայաստանը գտնվում է մեկուսացման վտանգի առջև, ինչը նրա համար լուրջ մարտահրավեր է, և երրորդ՝ փոխվում է ռազմական հավասարակշռությունը։

«Տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը խախտվում է, և Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում՝ ռազմական տերություն դառնալու համար»,- նշեց նա։

Փորձագետը նկատեց, որ Հայաստանը պետք է նկատի առնի նոր իրողությունները, որպեսզի դուրս գա մեկուսացումից և պատրաստի իրեն նոր Թուրքիայի հետ շփումներին։ --0—