Հայաստանի յուրաքանչյուր համալսարան պետք է որակավորվի եվրոպական չափանիշներով. կրթության նախարար

17.08.2007, 17:50
Հայաստանի յուրաքանչյուր համալսարան պետք է որակավորվի եվրոպական չափանիշներով. կրթության նախարար

Հայաստանի յուրաքանչյուր համալսարան պետք է սեփական որակավորումը ստանա եվրոպական չափանիշներով, ուրբաթ Երևանում հայտարարեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ ընդունելության քննություններին նվիրված մամուլի ասուլիսում։

«Համալսարանական կրթության որակը սկզբունքային նշանակություն կունենա հանրապետության՝ եվրոպական կրթական որակավորման համակարգ մտնելու տեսակետից։ Եթե մենք չկարողանանք ապահովել բարձրագույն կրթության որակը, Հայաստանի կրթական դաշտը չի կարողանա համապատասխանել եվրոպական չափանիշներին»,- հայտարարեց նա։

Այս կապակցությամբ Մկրտչյանը հայտնեց, որ Կրթության նախարարությունը ծրագրում է ներգրավել ճյուղային նախարարությունները և բիզնես-միջավայրը՝ համալսարանների ավարտական քննությունների գործընթացում։

«Նման փորձ կիրառվում է եվրոպական շատ բուհերում և հնարավորություն կտա երիտասարդ որակյալ մասնագետներ ընտրել՝ հետագայում պետական կառույցներում կամ բիզնեսի ոլորտում աշխատելու համար»,- պարզաբանեց նա։

Նախարարի խոսքերով, հանրապետությունում նման դրական փորձի օրինակներից է «Սինոփսիս-Արմենիա» ՏՏ-ընկերության և Երևանի պետական ու Հայաստանի ճարտարագիտական համալսարանների միջև համագործակցությունը։

«Այդ համալսարանների՝ավարտական քննությունների ժամանակ հիանալի գիտելիքներ դրսևորող շրջանավարտների մեծ մասն ուսումն ավարտելուց անմիջապես հետո ապահովվում է աշխատանքով»,- ասաց Մկրտչյանը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում գործում է 16 պետական բուհ։ Այսօր պետական բուհերում ուսանում է 65 հազ. ուսանող։--0—