ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է մարզեր

Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում իրականացվող գյուղատնտեսական, գազիֆիկացման, շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով հինգշաբթի եռօրյա աշխատանքային այցով հիշյալ մարզեր է մեկնել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։
Ինչպես «Նովոստաի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բոլոր երեք մարզերում վարչապետի աշխատանքային ծրագիրը բավականին հագեցած է:
Լոռիում վարչապետը կայցելի «Վանաձոր-քիմպրոմ» ՓԲԸ և վերագործարկված քիմիական այդ համալիրի զարգացման ծրագրերի շուրջ ընկերության ղեկավարության և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ կանցկացնի խորհրդակցություն:
Այցի շրջանակներում վարչապետը կլինի նաև Բագրատաշենի մաքսակետում, կայցելի Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում գտնվող հակակարկտային կենտրոն։
Օգոստոսի 5-ին Սերժ Սարգսյանը Տավուշի մարզում կմասնակցի Կոթիի հիմնադրման օրվան նվիրված տոնական միջոցառումներին: --0--