Վարդան Օսկանյանն ընդունել է Քրոնիմեթ ընկերության նախագահին
Հայաստանում գտնվող Քրոնիմեթ ընկերության (CRONIMET GRUPPE) հիմնադիր և նախագահ, Գերմանիայում ՀՀ պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկին օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ընդունելության ժամանակ գոհունակություն է հայտնել Հայաստանում իր ղեկավարած ընկերության գործունեությունից։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հինգշաբթի տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունում։
Գյունթեր Պիլարսկին նշել է, որ գոհ է թե արտահանման ծավալից, թե Հայաստանում աշխատանքի համար ստեղծված պայմաններից: Այնուհետև ներկայացվել են Հայաստան կատարած այցի արդյունքները, մասնավորապես հիշատակվել է երկու երկրների Առևտրի պալատների կողմից ստորագրված համագործակցության մասին հուշագիրը:
Նախարար Օսկանյանը, բարձր գնահատելով պրն Պիլարսկու իրականացրած ներդրումային և բարեգործական ծրագրերը, ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու ներդրումային քաղաքականությունը, անդրադարձ կատարել ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությանը:
Գերմանական «Cronimet» ձեռնարկությունը «Մաքուր երկաթ» երևանյան գործարանի արժեթղթերի 51%-ի և Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60%-ի սեփականատերն է։ Ընդ որում «Մաքուր երկաթ» երևանյան գործարանը Զանգեզուրի կոմբինատի արժեթղթերի փաթեթի 15%-ի սեփականատերն է։
Վերջին 10 տարում «Cronimet» -ը այդ խոշոր մետալուրգիական ձեռնարկություններում մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է արել։ -0-