Երևանը մեկնաբանել է Անկարայի արձագանքն ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ուրբաթ լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանեց Թուրքիայի արձագանքն ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման բանաձևի վերաբերյալ:
Նախօրեին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց 150-րդ բանաձևը, որը, մասնավորապես, դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, վկայում ԱՄՆ կառավարության կողմից այս ոճրագործության ճանաչման և հիշատակման մասին, նպաստում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ կրթական ծրագրերին` մեր օրերում նման ոճրագործությունների կրկնումից խուսափելու համար:
Պաշտոնական Անկարան քննադատել է Սենատի այս որոշումը, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նման որոշումն անվանել է քաղաքական ներկայացում:
«Սա Թուրքիայի պաշտոնական ո՛չ առաջին և ո՛չ էլ վերջին մեկնաբանությունն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, իսկ տարածաշրջանում կենսական շահերով պայմանավորված Հայոց ցեղասպանության մերժումը, պարզապես, ևս մեկ անգամ ընդգծում է, որ Թուրքիան հանդիսանում է հայ ժողովրդի անվտանգության սպառնալիք»,- նշեց Նաղդալյանը:
Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի համար Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր կայքի ստեղծումը, ապա մամուլի քարտուղարի խոսքով, պարադոքսալ է այն, որ ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրվան ընդառաջ (դեկտեմբերի 9-ը, խմբգր.) Թուրքիան գնում է ժխտման հերթական քայլին:
Թուրքիան դիմում է արդարության ժխտման հերթական քայլին՝ դրանով ավելի խորացնելով իր և համամարդկային արժեքների միջև առկա անջրպետը։ Ժխտողականությունը ապագա չունի, անկախ՝ ինչ փաթեթավորում դրան տրվի։ Որքան էլ Թուրքիան ջանքեր գործադրի ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթելու է իր ճանապարհը և դառնալու է հասարակական գիտելիք»,- համոզված է մամուլի քարտուղարը:
Հոկտեմբերի 29–ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 296 բանաձևի ընդունման օգտին: Բանաձևի օգտին քվեարկեց 405 կոնգրեսական, դեմ` 11–ը։ Թիվ 296 բանաձևի քվեարկությունը տեղի ունեցավ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ:
Այն առաջարկել է հանրապետական Ադամ Շիֆը 2019 թվականի ապրիլի 8-ին, իսկ Սենատի թիվ 150 բանաձևը (որն արտահայտում է ԱՄՆ-ի` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու դիրքորոշումը) առաջ է քաշվել սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին:–0–