«Ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են». ՌԴ փոխվարչապետը` տարածաշրջանի հաղորդակցությունների մասին (ՎԻԴԵՈ)
11:37
06 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների կարգավիճակի հարցին, որոնց ապաշրջափակումը նախատեսված է Արցախյան 44–օրյա պատերազմի ավարտի մասին հայտարարության համաձայն։
Օվերչուկը ՀՀ փոխվարչապետ Մհերի Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ միասին տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն են։
Նախօրեին Երևանում տեղի ունեցած զրույցի ընթացքում ՌԴ փոխվարչապետը ներկայացրել է հոկտեմբերի 22–ին տեղի ունեցած համատեղ աշխատանքային խմբի հերթական` 8–րդ նիստի արդյունքները։
«Մեզ թվում է, կհանգենք կոնկրետ լուծումների: Դրանք առաջին հերթին հիմնվում են նրա վրա, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են», – հայտարարել է Օվերչուկը։
Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի աշխատանքային խմբի գործունեությանը բարձր գնահատական տալու համար:
«Մենք իսկապես աշխատում ենք այն մանդատով, որը Դուք մեր երկրների ղեկավարների հետ տրամադրել եք 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների շրջանակում: Ցանկանում եմ նշել, որ գործընկերների, փոխվարչապետերի հետ մշտապես գտնվում ենք կապի մեջ: Անցկացրել ենք 8 հանդիպում, որոնցից 4-ը եղել են առկա ռեժիմում, մյուս չորսը՝ տեսակապի։ Գրեթե ամեն օր շփվում ենք հեռախոսով, քննարկում ենք տարատեսակ տարբերակներ, որպեսզի գտնենք ավելի օպտիմալ և բոլոր կողմերի համար առավել ընդունելի երթուղիներ», – նշել է ՌԴ փոխվարչապետը։
«Դուք գիտեք, որ աշխատել են նաև ճանապարհաշինության ոլորտի փորձագետներ, որոնք հետազոտել են ճանապարհները: Այսօր ունենք շատ լավ պատկերացումներ, թե իրականում ինչպիսին է ճանապարհների վիճակը». – պարզաբանել է Օվերչուկը։
Նա նաև անդրադարձել է ապաշրջափակմանը ենթակա ճանապարհների վերահսկողությանը։
«Նաև Դուք հիշատակեցիք, և դա նույնպես հայտարարությունների մեջ է, այն մասին, որպեսզի բոլոր տեսակի հսկողություններն իրականացվեն: Մենք պայմանավորվել ենք, որ այդպիսի հսկողություն պետք է իրականացվի հավասարության հիմունքներով, դա նույնպես քննարկել ենք, այդ թվում՝ այն մասին, թե ինչպես, ինչից պետք է սկսել ավտոմոբոլիային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Ցանկանում ենք Ձեզ հետ այսօր դա քննարկել և մտածել, թե ինչպես շարժվել առաջ»,- նշել է Ալեքսեյ Օվերչուկը:–0–
Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ի նկատմամբ, հիմա դա ամենալուրջ խոչընդոտներից մեկն է խաղաղության գործընթացում
Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում