ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նման հայտարարություններ արել է նաև Ադրբեջանը, սյս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվու՞մ են՝ Հունանյանը նշել է, որ պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը:
«Ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում», - նշել է նա:
Օրերս Հունանյանը
հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ՀՀ կառավարության օրակարգային առաջնահերթություններից է:-0-