ԵՐԵՎԱ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցության և խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը խայտառակություն է որակել արտակարգ դրությունը երկարաձգելու որոշումը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը
հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։ Հայաստանում մարտի 16–ից հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Այն գործում է մինչև օգոստոսի 12–ը։ Հիշեցնենք որ ԱԴ–ն երկարաձգվել է 3 անգամ։
«Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է...Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումը ոչնչով արդարացված ու հիմնավորված չէ: Անհրաժեշտ սահմանափակումները հնարավոր է պահպանել նաև այլ իրավական ակտի՝ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի կիրառման շրջանակներում: Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը մեծ հարված է հասցնում մեր երկրի բոլոր ոլորտներին, կրկին անգամ հիմք հանդիսանում այլ երկրների կողմից մեր երկրից մուտքի արգելքների պահպանմանը։ Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը որևէ այլընտրանք իրագործելու ունակություն չունեցող կառավարության խայտառակ որոշում է» ,– գրել է նա Facebook–յան իր էջում:
Ինչպես հայտնել է նախօրեին Ավինյանը, չնայած այդ որոշմանը՝ էական փոփոխություններ են լինելու արտակարգ դրության ռեժիմում սահմանված որոշակի արգելքների հետ կապված:–0–