Ալիևի դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին. ընդդիմադիր պատգամավոր

05.10.2023, 14:17
Պատգամավորը նշել է, որ սա ճիշտ այն է, ինչի մասին իրենք տարիներ ի վեր զգուշացնում են, որ միայն Արցախը խժռելով Ադրբեջանը չի բավարարվելու
Ալիևի դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին. ընդդիմադիր պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկվա Ալիևի դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին, հինգշաբթի հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նախօրեին Ալիևը հրաժարվել է այցելել Գրանադա (Իսպանիա)։ Այնտեղ պետք է տեղի ունենար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը` ԵՄ–ի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ։

«Սա ճիշտ այն է, ինչի մասին մենք տարիներ ի վեր զգուշացնում ենք, որ միայն Արցախը խժռելով Ադրբեջանը չի բավարարվելու», – ասաց Խաչատրյանն ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։

Ինչպես նշեց պատգամավորը, ամենայն հավանականությամբ, առաջնային պահանջը եղել է, այսպես կոչված, անկլավները, որի «լեգիտիմությունը» Ադրբեջանին տվել է Փաշինյանը։

Խաչատրյանը նշեց, որ նաև միջանցքի խնդիր է դրվել։–0–