ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է մի շարք պատգամավորների որոշումը` անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս տարվա դեկտեմբերին։
Հոկտեմբերի 9–ին, 14 պատգամավորներ ստորագրել են մի փաստաթղթի տակ, որում նշվում է, որ նրանք աջակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը 2018 թ.–ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում։ Փաստաթղթում նշվում է, որ վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ–ն պետք է լուծարվի։ Ստորագրած պատգամավորների թվում են Աշոտ Արսենյանը, Ալիկ Սարգսյանը, Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Տաճատ Վարդապետյանը, Հակոբ Գառնիկի Հակոբյանը, Շիրակ Թորոսյանը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը, Հարություն Կարապողոսյանը, Սամվել Ալեքսանյանը, Նահապետ Գևորգյանը, Արայիկ Գրիգորյանը, Իշխան Զաքարյանը։
Загружается новость ... "Лево"
«Ուրախ եմ, որ Ազգային ժողովի շատ պատգամավորներ լսեցին ժողովրդի ձայնը և արձագանքեցին համապատասխան ձևով», – ասաց Փաշինյանը չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում։
Նա մեկնաբանեց նաև ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարությունն այն մասին, որ մի շարք պատգամավորներ ճնշման ներքո են համաձայնվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
«Եթե ճնշումն անգամ եղել է, այն եղել է ժողովրդական, քանի որ այսօր շատ պատգամավորներ գտնվում են իրենց ընտանիքների, բարեկամների և հարևանների ճնշման տակ։ Նրանք առաջին հերթին արձագանքեցին իրենց շրջապատի ճնշմանը», – ասաց վարչապետը` նշելով, որ իշխանություններն իրեն դիրքորոշումն արտահայտել են հրապարակայնորեն։
Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ վարչապետը հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։
Հոկտեմբերի 8–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։
Նախօրեին ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ չընդունելով դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները՝ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն:–0–