Ուկրաինան սահմանափակել է Լեռնային Ղարաբաղից ապրանքների ներկրումը

07.02.2017, 15:56
Ուկրաինան և Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում և Դոնբասում արտադրված ապրանքների ներմուծումը
Ուկրաինան սահմանափակել է Լեռնային Ղարաբաղից ապրանքների ներկրումը
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինան և Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում և Դոնբասում արտադրված ապրանքների մուտքը` առանց պաշտոնական իշխանությունների հավանության, երեքշաբթի ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն «Ինտերֆաքս» գործակալությանը:

«Նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից Բաքու կատարած այցի ժամանակ երկու երկրների ղեկավարները հրահանգել են Ուկրաինայի և Ադրբեջանի մաքսային կառույցների ղեկավարներին հանդիպել և քննարկել երկու երկրների օկուպացված տարածքների ապրանքների մուտքը թույլ տալու հարցը: Մաքսային կառույցների ղեկավարները հանդիպել են և մեխանիզմ են մշակել, համաձայն որի, այդ տարածքներից եկող ապրանքները կարող են ներկրվել միայն այն դեպքում, եթե երաշխավորված են կենտրոնական իշխանությունների` Կիևի և Բաքվի կողմից», - ասաց Միշենկոն:

Դիվանագետի խոսքով, ապրանքները, որոնք արտադրվում են Լեռնային Ղարաբաղում, կարող են հատել Ուկրաինայի սահմանը, միայն Բաքվի հավանությունից հետո: Նույն սխեման է կիրառում նաև Ադրբեջանը` Դոնբասից արտահանվող ապրանքի նկատմամբ:

«Օրինակ, շամպայնի մակնշումը: Եթե գրված է Ուկրաինա, Արտեմյան գործարան (Դոնբաս), ապա ամեն ինչ նորմալ է: Իսկ եթե գրված է Նոր Ռուսաստան կամ նման մի բան, ապա բնականաբար Ադրբեջանը դրանք չի ընդունի: Նույն մոտեցումն էլ կիրառվում է Լեռնային Ղարաբաղից եկող ապրանքների նկատմամբ», - նշեց Միշչենկոն:

«Կանոնները և գրությունները սկսել են գործել այն պահից, երբ նախագահները հանձնարարականներ են տվել: Այստեղ հարկավոր չէ որևէ միջպետական համաձայնագրեր ստորագրել: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է մաքսային կառույցների ղեկավարների միջև», - ավելացրել է դեսպանը: -0-