ԼՂՀ ԱԺ խոսնակը հանդիպում է ունեցել ամերիկացի կոնգրեսականների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը նախօրեին Միացյալ Նահանգների Կոնգրեսում հանդիպում է ունեցել կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Աննա Էշուի հետ, հայտնում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի օրակարգում Արցախին վերաբերող խնդիրներն ու նախանշվել առաջիկա համագործակցության ուղղությունները:
Կոնգրեսականների խնդրանքով Արցախի խորհրդարանի նախագահը ներկայացրել է վերջին ամիսներին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատվող զարգացումներն ու առկա հիմնախնդիրները:
Աշոտ Ղուլյանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներ Էշուին և Շերմանին՝ նախօրեին կայացած Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառմանը քաջալերող ելույթների և անաչառ գնահատականների համար:
Նույն օրն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացել է ընդունելություն՝ ի պատիվ ԼՂՀ ԱԺ նախագահի, որին հրավիրված են եղել Վաշինգտոնում գործող դիվանագիտական, հանրային և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը ամփոփել է Արցախի անկախության տարիների գրանցած հաջողությունները և նշել ներկայիս մարտահրավերներին միասնաբար դիմակայելու անհրաժեշտությունը:
Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանին ու դեսպանատան աշխատակազմին՝ ԱՄՆ կատարած այցի ծրագրին օժանդակելու, ինչպես նաև Վաշինգտոնում գործող հայկական կառույցներին՝ մշտական աջակցության ու ազգանվեր գործունեության համար:–0–