Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակի պատարագ է մատուցվել Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակի պատարագ է մատուցվել Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում։
Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը, եկեղեցում տեղի է ունեցել նաև մայիսի 9–ին նշվող Եռատոնին` Հաղթանակի օրվան, Շուշիի ազատագրման օրվան և Արցախի պաշտպանության բանակի օրվան նվիրված միջոցառում։
Այնուհետև անցկացվել է ընդունելություն` կազմակերպված ԼՂՀ ներկայացուցչության կողմից:
Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, դեսպանության անձնակազմը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Ռոբերտ Ավետիսյանը և Թաթուլ Մարգարյանը՝ ընդգծելով Շուշիի ազատագրման կարևորությունը Արցախի ժողովրդի ազգային պայքարում:
Միջոցառման վերջում ցուցադրվել է վավերագրական ֆիլմ Արցախի մասին: -0-