Արցախի Հանրապետության նախագահը կարևորում է Ֆրանսիայի դերակատարությունը տարածաշրջանում կայունության պահպանման գործում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը կարևորել է Ֆրանսիայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման մեջ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Ժողովրդական շարժման միության անդամներ Գի Տեսիեի, Ժակ Ռեմիլեի, Ժորժ Կոլոմբիեի և Վալերի Բուայեի հետ հանդիպման ընթացքում Սահակյանը նաև բարձր է գնահատել Ֆրանսիայի գործունեությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր:
Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում Բակո Սահակյանը անհրաժեշտ է համարել խորհրդարանական կապերի ընդլայնումը` ընդգծելով Արցախի հատուկ շահագրգռվածությունն այդ հարցում: Երկուստեք նշվել է նաև փոխգործակցության հետագա խորացման և այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրերի մշակման մասին:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-