Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

18.07.2011, 13:18
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ, նախարարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու կփոխանակեն Պետական սահմանի մասին պայմանագրի վավերացման պատվոգրերը:

Նախատեսվում է, որ երկկողմ բանակցությունների ժամանակ կշարունակվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության հետագա զարգացման հարցերի քննարկումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Լավրովը հուլիսի 8-ին Բաքվում ադրբեջանական ղեկավարությանն է փոխանցել հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մոսկվայի առաջարկները: Նմանատիպ առաջարկներ են փոխանցվել նաև Հայաստանի ղեկավարությանը: Ինչպես այն ժամանակ լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, Բաքուն ուշադիր կուսումնասիրի Ռուսաստանի առաջարկներն ու կներկայացնի պատասխանն առաջարկներին մանրամասն ծանոթանալուց հետո:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-