Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը մինչև ԼՂՀ անկախության 20-ամյակը. ընդդիմություն

10.12.2010, 16:47
Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը մինչև ԼՂՀ անկախության 20-ամյակը. ընդդիմություն

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը մինչև Ղարաբաղի անկախության 20-ամյակի տոնակատարությունը, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը նախօրեին Ազգային Ժողովի նիստում չի մասնակցել «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության առաջարկած «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությանը, ինչի արդյունքում օրինագիծը չի ընդունվել:

«Արդեն 19 տարի է անցել Ղարաբաղում անցկացված հանրաքվեի օրից, և մինչև անկախության 20-ամյակը մեկ տարի է մնացել, և որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշումն ու պետականությունը չմնան ճչանաչված, ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, անհրաժեշտ է այս հարցը (ԼՂՀ ճանաչումը) լուծել մինչև հանրապետության 20-ամյակը»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանրաքվե է անցկացրել ուղիղ 19 տարի առաջ Մարդու իրավունքների մասին հուշագրի ընդունման միջազգային օրը:

Այդ կապակցությամբ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը պետք է տեղափոխել իրավական դաշտ:

«Չնայած միջազգային ճնշմանն ու ադրբեջանական ագրեսիային, Արցախի ժողովուրդն իրապես վաստակել է իր անկախությունը, և մենք պարտավոր ենք արձանագրել պատերազմով նվաճած հաղթանակը խաղաղ պայմաններում, իրավական դաշտում»,- ասաց նա:

Միաժամանակ նա նշեց, որ օրինագծի ճանաչմամբ Հայաստանը ցույց կտա, որ ինքնորոշված, անկախ պետություն է:

Այս կապակցությամբ նա օրինակ բերեց Կոսովոյի անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից և Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը՝ Ռուսաստանի կողմից:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-