Նախորդ շաբաթվա ընթացքում Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում իրավիճակն անհանգիստ էր. ԼՂՀ ՊՆ
Հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 165 անգամ:
Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գոտու Հադրութի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որոնց հետևանքով հակառակորդի դավադիր գնդակից հոկտեմբերի 26-ին ժամը 16:45-ի սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում զոհվել է Հարութ Աշոտի Գրիգորյանը:
Հատկանշական է, որ դարանակալ թշնամու սադրիչ գործողությունը տեղի է ունեցել շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ընդամենը ժամեր անց, ինչը ևս մեկ անգամ վկայում է իրադրության ապակայունացմանն ուղղված պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական մոտեցման մասին:
Ասվածի մասին է փաստում նաև վերջին շրջանում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման վիճակագրությունը: Միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժը «АК», «СВД», «ПК», «ДШК», «РПК», «УТЁС» և «Սև նետ» հրաձգային զինատեսակներից հրադադարը խախտել է շուրջ 750 անգամ` ընդհանուր առմամբ արձակելով ավելի քան 7000 կրակոց:
«Այսքանից կարելի է, թերևս, միայն մեկ հետևություն անել՝ Ադրբեջանի պաշտոնական և ոչ պաշտոնական քարոզչամիջոցներով տարածվող այն լուրերն ու տեղեկությունները, թե իբր հակամարտ զորքերի շփման գծում հայկական ուժերի կողմից պարբերաբար խախտվում է հրադադարի պահպանման ռեժիմը, ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակային ապատեղեկատվություն», - նշվում է տեղեկատվության մեջ:
«Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների չեզոքացմանն ուղղված ՊԲ գործողություններին, ապա դրանք կրում են համակարգված և նպատակային բնույթ, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն անհրաժեշտության դեպքում ճնշել ադրբեջանական դիրքապահների ագրեսիվությունը, այլև առաջնային գծում մշտապես լինել թելադրողի դերում», - նշվում է ԼՂՀ ՊՆ տեղեկատվության մեջ:-0-