ԼՂՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել ԱՄՆ-ում նախատեսվող ամենամյա հեռուստամարաթոնի առիթով
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` կապված ԱՄՆ-ում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի հետ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, նշելով, որ այս տարի հեռուստամարաթոնը նվիրված է առանձնակի նշանակություն ունեցող Շուշի քաղաքի վերականգնմանն ու զարգացմանը՝ երկրի ղեկավարը ներկաներին կոչ է արել պատշաճ մակարդակով անցկացնել բոլոր նախապատրաստական աշխատանքները և պարբերաբար զեկուցել ձեռնարկված միջոցների մասին: Միաժամանակ Բակո Սահակյանը կարևորել է հանրապետության բնակչության առավել ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը:
Նախագահն ընդգծել է, որ այս տարի մարաթոնի նախապատրաստական աշխատանքները Սփյուռքում իրականացվել են փոքր-ինչ այլ ձևաչափով. Մոսկվայում մեր հայրենակիցների հետ ընդլայնված հանդիպմանը ներկա է եղել հանրապետության նախագահը, Ֆրանսիա է մեկնել ԱԺ նախագահը, իսկ ԱՄՆ կմեկնի վարչապետը:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ԼՂՀ-ում նշված գործընթացի համակարգումը երկրի ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանին:
Այնուհետև նախագահն անդրադարձել է ջրամատակարարման և հեռահաղորդակցության ոլորտներում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև այս տարվա բերքահավաքի արդյունքներին` գնահատելով այն հաջողված՝ չնայած բազմաթիվ բնական աղետներին: Նշված հարցերի շուրջ զեկուցումներով հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք: -0-