Ղարաբաղյան կողմը պատրաստ է հեռացնել դիպուկահարներին առաջավոր դիրքերից. ԼՂՀ պաշտպանության նախարար

Ղարաբաղյան կողմը պատրաստ է հեռացնել դիպուկահարներին առաջավոր դիրքերից, հինգշաբթի լրագրողներին ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մովսես Հակոբյանը։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը թղթակիցը, Հակոբյանն ընդգծել է, որ դիպուկահարներին առաջավոր գծից հեռացնելուն դեմ է Ադրբեջանը։
Նրա խոսքերով՝ այս առնչությամբ անգամ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն վերջին պահին ադրբեջանական կողմն այն խափանել է։
Նախօրեին Ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ափսոսանք են հայտնել, որ պաշտոնական Բաքուն առայժմ առաջավոր դիրքերից դիպուկահարներին հանելու համաձայնություն չի տվել։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-