«Արցախի ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ». Փաշինյանը՝ Ֆրանսիայի Սենատի որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Արցախի ճանաչման հարցը միջազգային օրակարգ մուտք գործելու մասին:
«Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»,- նշել է վարչապետն իր Facebook-յան էջում:
Ֆրանսիայի Սենատը չորեքշաբթի նիստի ժամանակ ճնշող մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ճանաչմանն ուղղված բանաձև: Փաստաթուղթն ընդունվել է 305 «կողմ» և 1 «դեմ» ձայներով:
Բանաձևը ենթադրում է Արցախի անկախության ճանաչում, ինչը, ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքով, կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը:
Բացի այդ, բանաձևը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում դատապարտել Թուրքիայի հզոր աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան, և ազդել ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերման վրա այն տարածքներից, որոնք իրենց կողմից զբաղեցվել են ռազմական գործողությունների ընթացքում 2020 թ. սեպտեմբերի 27-ից:
Սենատի (Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատ) բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում, դրանք գործադիր իշխանությունը կարող է հաշվի առնել, բայց պարտավոր չէ կատարել դրանք: -0-