Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երեկ, հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից:
Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վարկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը:
Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:
ԱՀ ԱԻՊԾ-ի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով տուժածներ չկան:
«Նշենք, որ հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն, ընդհանուր առմամբ մայրաքաղաքում և շրջաններում պահպանվել էր հարաբերական հանգիստ իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-