Ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ․ ՊՆ

07.10.2020, 09:16
Ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով
Ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները,չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների:

Մասնավորապես,արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել:

Հովհաննիսյանը նշել է, որ այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ:

«Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից»,- գրել է նա:-0-