ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է վերջերս գրանցված միջադեպը, երբ ռուս խաղաղապահները թույլ չէին տվել հայ պատգամավորներին մուտք գործել Արցախ։
Զախարովայի մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական
կայքում։
Նշենք, որ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն ապրիլի 12–ի երեկոյան
հայտնել է, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս, որպեսզի հայ պատգամավորները մուտք գործեն Արցախ:
««Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների եւ Արցախի գործընկերներիս հետ միասին գտնվում եմ Արցախի դարպասների մոտ, որտեղ 3 ժամից ավել է չեն թույլատրում մուտք գործել Արցախի Հանրապետություն: Խաղաղապահներն ունեն ցուցակներ` մեր անուն ազգանուններով, որպեսզի թույլ չտան մեր մուտքն Արցախ: Հստակ է մեկ բան, որ գործող իշխանությունը, Նիկոլի գլխավորությամբ, կատարում է ադրբեջանաթուրքական տանդեմի` ի դեմս Ալևի հրահանգները: Թերևս, պարզ է՝ գաղտնի պայմանավորվածություններն ընթանում են, ու անհայտ է, թե հիմա ինչ են փորձում թաքցնել», - ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունները նախօրեին բոյկոտեցին ԱԺ քառօրյան և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ և Հայաստանի սահմանամերձ մարզեր:
Այս կապակցությամբ
հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ` նշելով, որ նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։
«Ռուսական խաղաղապահ զորակազմը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020թ.–ի նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը։ Ակնկալում ենք, որ հաշվի առնելով միջադեպերը, որոնք տեղի են ունենում ինչպես ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ–ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում, երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան քայլերից, որոնք կարող են լրացուցիչ սրել իրավիճակը տարածաշրջանում», – նշել է Զախարովան։–0–