Փաշինյան. առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ կողմից առաջ քաշվող 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը

12.03.2019, 17:04
Փաշինյանի խոսքով, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ կողմից առաջ քաշվող 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը։
Փաշինյան. առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ կողմից առաջ քաշվող 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող պարզաբանումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ։

«Հաջորդ կարևորագույն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետևյալն է՝ իսկ Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետևաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության», – նշել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով, հաջորդ կարևորագույն խնդիրը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է:

Загружается новость ... "Лево"

«Հարկ եմ համարում ընդգծել, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի կարող լինել բանակցություններում ներգրավված կառավարություններից որևէ մեկի առանձին խնդիրը, և դա համատեղ աշխատանք է: Նկատի ունեմ, օրինակ, ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա: Հենց այս գիտակցումն էր, որ ինձ ստիպեց 2018թ. աշնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալ մեր իրականության համար, ըստ էության, աննախադեպ մի հայտարարությամբ՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում: Ցավոք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններ, քայլեր չենք տեսնում: Չնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետև համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը», – ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն օրերս հայտարարություն են տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի նախապատրաստվող հանդիպման կապակցությամբ։

Загружается новость ... "Право"

Վկայակոչելով ՄԽ ձևաչափում կարգավորման գործընթացի էության վերաբերյալ վերջերս արված որոշ հակասական հայտարարությունները` համանախագահները հաստատում են, որ արդար և կայուն կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք։

«Ակտում պետք է ներառվեն նաև լրացուցիչ տարրեր, որոնք առաջարկվել են համանախագահ երկրների նախագահների կողմից 2009–2012թթ.–ին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք», – նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի ապագա սահմանումը հնարավոր է ժողովրդի` իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության միջոցով։ Ամրագրված է նաև բոլոր ներքին տեղահանված և փախստականների իրավունքը` վերադառնալու իրենց բնակության նախկին վայրը, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք կներառեն խաղաղարար գործողություններ։

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանեց համանախագահների հայտարարությունը։ ԱԳՆ–ից հայտարարեցին, որ Հայաստանը մշտապես բարձրաձայնել է իր հանձնառությունը և սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որում մեր առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը:–0–