Փաշինյան. Բաքվի հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար

23.04.2021, 21:30
Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար
Փաշինյան. Բաքվի հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը: 

Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ՖՀ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը: 

Վարչապետը նշել է, որ վերջին 5 ամսվա ընթացքում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը 3-րդ անգամ է այցելում Հայաստան, և հայկական կողմը բարձր է գնահատում նախագահ Մակրոնի՝ դժվար պահին հայ ժողովրդին ձեռք մեկնելու վճռականությունն ու հետևողական քայլերը: 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան ապացույցն է հայ-ֆրանսիական ամուր բարեկամության, որը խարսխված է պատմական, մշակութային, քաղաքական լայն առնչությունների և արժեքների վրա:  

«Ֆրանսիան առանցքային դերակատարություն է ունեցել և շարունակում է ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Այս տարի հունվարին լրացավ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման 20-ամյակը: Շատ կարևոր հանգրվան էր նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ և հրամանագրով ապրիլի 24-ը՝ Ֆրանսիայի պետական օրացույցում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրումը և պետական մակարդակով ոգեկոչումը։ Հայ ժողովուրդը երախտապարտ է բարեկամ Ֆրանսիային զորակցության համար», - ասել է վարչապետը: 

Загружается новость ... "Лево"

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ իր համար պատիվ է, որպես Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ, վաղը՝ ապրիլի 24-ին, լինել Հայաստանի, հայ ժողովրդի կողքին և մասնակցել ոգեկոչման արարողություններին: 

Նրա խոսքով՝ այս տարի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին Ֆրանսիան մասնակցելու է թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինների պատվիրակությունների մակարդակով, քանզի Ֆրանսիայում նույնպես զգում են հայ ժողովրդին պատուհասած ողբերգությունը և զորակցություն հայտնում: Այդ մասին են վկայում ՖՀ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունումը, արդեն 3 տարի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրումը և պետական մակարդակով ոգեկոչումը։ Պետքարտուղարը հայտնել է, որ Ֆրանսիայում ևս տեղի են ունենալու ոգեկոչման միջոցառումներ: 

ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, ԼՂ հակամարտության կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման աշխատանքների շուրջ: 

Առաջնահերթությունների շարքում վարչապետը կարևորել է տարածաշրջանում կայունության ապահովումը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է անթաքույց ագրեսիվ հակահայկական հռետորաբանությունը և հավակնություններ է հայտնում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի նկատմամբ: 

Վարչապետը դատապարտելի է համարել վերջերս Բաքվում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» բացումը և ընդգծել, որ նման հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար: 

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի խնդրանքով ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, սահմանադրական ընթացակարգերին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առաջնահերթ խնդիրն ընտրությունների ժողովրդավարական որակն աներկբա պահպանելն է՝ հավելելով, որ հետպատերազմական ճգնաժամային ժամանակաշրջանում Հայաստանը կարողացավ ապահովել գործընթացների ժողովրդավարական բնույթը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է միջազգային դիտորդական առաքելությունների ներգրավվածությունն ընտրական գործընթացին:–0–

 

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության օրակարգը, անդրադարձել նախորդ քննարկման պայմանավորվածությունների կատարմանը: Երկուստեք գոհունակություն է հայտնվել առ այն, որ բավական մեծ աշխատանք է կատարվել տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ, որոշակիորեն ուրվագծվել են համատեղ ծրագրերը: Այս առումով կարևորվել են փոխադարձ ակտիվ շփումները:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է նախագահ Մակրոնին փոխանցել Հայաստան՝ իրեն հարմար ժամկետում այց կատարելու հրավերը:–0–