Կրեմլը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորականների հայտարարությունը Ղարաբաղում «Իսկանդերի» բեկորներ գտնելու մասին

02.04.2021, 15:08
Կրեմլը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորականների հայտարարությունը Ղարաբաղում «Իսկանդերի» բեկորներ գտնելու մասին
Կրեմլը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորականների հայտարարությունը Ղարաբաղում «Իսկանդերի» բեկորներ գտնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղյակ չէ` արդյոք ՊՆ–ն զեկուցել է ՌԴ նախագահին այն մասին, որ ադրբեջանցի զինվորականներն իբր «Իսկանդերի» բեկորներ են գտել Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ոչ, որքան հասկանում եմ դա նոր տեղեկատվություն է։ Ես տեղյակ չեմ` արդյոք զինվորականները զեկուցե՞լ են, ունե՞ն ինչ–որ մանրամասն տեղեկատվություն այդ մասին։ Դա, իհարկե, ավելի շատ նրանց մասով է», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նաև հիշեցրել է, որ «Իսկանդեր» հրթիռները չեն կիրառվել 2020թ.–ի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ժամանակ։

«Դա (հրթիռների չկիրառումը) հաստատվել է», – ասել է նա։

Պեսկովն ավելացրել է, որ Կրեմլը «չունի տեղեկատվություն» այն մասին, թե որտեղից են հայտնվել բեկորները, որոնք իբր հայտնաբերվել են Ադրբեջանի կողմից։

Փետրվարի 26–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օտարերկրյա լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը չի ֆիքսել «Իսկանդեր» հրթիռային համալիրների կիրառում Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության ժամանակ։ Ավելի ուշ ՏԱՍՍ–ը մեկնաբանության համար դիմել էր ռազմական փորձագետներին, ովքեր նշել էին, որ «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության ժամանակ։ ՌԴ ՊՆ–ն ևս հերքել էր համալիրների կիրառման մասին տեղեկությունները։

Մարտի 23–ին ՀՀ ԳՇ նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանը հաստատեց իր հայտարարությունն այն մասին որ Արցախյան պատերազմի ժամանակ կիրառվել են «Իսկանդերներ»։

Նոյեմբերի 19–ին կայացած ասուլիսի ժամանակ Հակոբյանը (դրանից մեկ օր առաջ նա հրաժարական էր տվել ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից) հրապարակել էր ավելի վաղ անհայտ տեղեկատվություն Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զորքի գործողությունների մասին։ Մասնավորապես, նա հայտարարել էր, որ Արցախում կիրառվել են «Իսկանդերներ», սակայն չի կարող նշել, թե որ ուղղությամբ։ Այդ տեղեկատվությունը «պայթեցրեց» Հայաստանի լրատվական դաշտը, Հակոբյանի հայտարարությունների առթիվ հարուցվեց քրեական գործ։

Ավելի ուշ` հունվարի 25–ին, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը մեկնաբանեց «Իսկանդերի» կիրառման լուրերը։ Նա նշեց, որ «Իսկանդերի» հարվածի հետևանքով պետք է առաջանար ուժեղ երկրաշարժ, սակայն Շուշիում որևէ նմանատիպ բան չի եղել։

«Եթե հարվածեին «Իսկանդերով», Շուշիում ոչ մի շենք չէր մնա, քանի որ քաղաքում հին շինություններ են», – հայտարարել է նա։

Փաշինյանի հայտարարությունն ու Մոսկվայի արձագանքը

Միաժամանակ մոտ մեկ ամիս առաջ 1in.am–ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմի ժամանակ ««Իսկանդերները» չեն պայթել կամ պայթել են միայն 10%–ով»։

Դրան ի պատասխան ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Արցախում պատերազմի ժամանակ «Իսկանդեր» չի կիրառվել։ Ինչպես նշել են ՌԴ ՊՆ–ից, հրթիռների ամբողջ պաշարը գտնվում է Հայաստանի Զինված ուժերի պահեստներում։

Ավելի ուշ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, մեկնաբանելով «Իսկանդերի» մասին վարչապետի աղմկահարույց հայտարարությունը, ասաց, որ «վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»։–0–