ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը, հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
«Այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն», – գրել է նա Facebook–յան իր էջում։
Քիչ առաջ Գևորգյանը, մեկնաբանելով Հին Թաղեր–Խծաբերդ ուղղությամբ ադրբեջանական ուժերի հարձակողական գործողությունները, հայտարարել է, որ ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Նրա խոսքով, ղաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է։
ՌԴ ՊՆ–ն հաղորդում է, որ դեկտեմբերի 11–ին Հադրութի շրջանում գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքը։ Սա խախտման առաջին դեպքն է ռազմական գործողությունների ավարտից և տարածաշրջանում ՌԴ խաղաղապահ գործողությունները սկսելուց հետո։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Միաժամանակ այսօր առավոտյան Արցախի ՊԲ–ից տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Խոսքը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի տարածքի մասին է, բացառությամբ` երկու բնակավայրերի (Հին Թաղեր և Խծաբերդ, խմբգր.), որոնք մնում են հայկական ուժերի վերահսկողության տակ։
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ այսօր ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ:–0–