ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Այսօր առավոտյան Արցախի ՊԲ–ն
հերքել էր ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։
Արցախի ՊԲ–ից տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ (Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո, խմբգր.) հաղորդվում էր, որ հենց այս երկու գյուղերն են մնացել հայկական կողմի վերահսկողության տակ, բայց դրանք կտրված են Հադրութի շրջանի հիմնական տարածքից, որը փոխանցվել է Ադրբեջանի վերահսկողության տակ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում։–0–