Արցախում ձերբակալվել է ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը․ ԶԼՄ

14.07.2023, 00:51
Արցախում ձերբակալվել է ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը․ ԶԼՄ
Արցախում ձերբակալվել է ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը․ ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Արցախում ձերբակալվել են Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն ու նրա որդին, հաղորդում են հայկական ԶԼՄ–ները։

Aravot.am-ի հաղորդմամբ, Բալասանյանը ձերբակալվել է իր տանը՝ Ասկերանում։ Նրա հետ ձերբակալել են նաև որդուն, եղբորը և քեռու տղային:

«Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով», – հայտնում է aravot.am–ը։

Այս տեղեկությունը aravot.am–ի հետ զրույցում հաստատել է Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Hayeli am–ը ևս հայտնում է Բալասանյանի և նրա որդու ձերբակալման մասին։

Սոցցանցերում ևս այդ մասին տեղեկություններ կան: «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Արցախի Ազգային անվտանգությունը մոտ 40 րոպե խուզարկել է Բալասանյանի բնակարանը, որից հետո նա և որդին բերման են ենթարկվել»։

Բալասանյանի ձերբակալման մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։-0-