Արցախի ԱԳՆ–ն մեկնաբանել է Արցախ օտարերկրացիների մուտքի հետ կապված խնդիրները

16.02.2021, 20:46
Արցախի ԱԳՆ–ն մեկնաբանել է Արցախ օտարերկրացիների մուտքի հետ կապված խնդիրները
Արցախի ԱԳՆ–ն մեկնաբանել է Արցախ օտարերկրացիների մուտքի հետ կապված խնդիրները
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը «Արցախպրես» գործակալությանը մեկնաբանել է վերջերս սոցիալական տարբեր հարթակներում և մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ օտարերկրյա քաղաքացիները խնդիրներ են ունեցել Արցախ մուտք գործելու հետ կապված, և այն մասին, որ մուտքի հետ կապված խոչընդոտները առաջացնում են ռուս խաղաղապահները՝ իբրև թե Ադրբեջանի կողմից թույլտվության բացակայության հետ պայմանավորված,  հաղորդում է Արցախի ԱԳՆ–ն։

«Վերջին օրերին տարբեր օտարերկրյա պետությունների քաղաքացիների՝ Արցախի Հանրապետություն մուտքի իրականացման հետ կապված դժվարությունները պայմանավորված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված հրամայականով։ Մուտքի ապահովման համակարգը ներդրվում է ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ», – նշել է Ներսիսյանը։

Նա նաև ավելացրել է, որ մուտքի հետ կապված անհարմարությունները կկրեն ժամանակավոր բնույթ, ինչի մասին հավաստիացնում է նաև ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությունը։

«Ինչ վերաբերում է մուտքի թույլտվության հարցին, ապա ընթացակարգը հստակ է և չի ենթարկվել որևէ փոփոխության։ Արցախի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության համար օտարերկրացիները նախօրոք դիմում են Արցախի ԱԳՆ և ստանում մուտքի արտոնագրերը Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում. այլ ընթացակարգ գոյություն չունի։ Մուտքի թույլտվության հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը նաև փոխանցվում է ՌԴ խաղաղապահ ուժերին: Նշված ընթացակարգը չի ենթադրում համաձայնության հայցում կամ տվյալների փոխանցում որևէ երրորդ երկրի», – նշել է Ներսիսյանը։–0–