Անտեսելով կրակի դադարեցումը` Ադրբեջանի ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել. ՊՆ

10.10.2020, 12:45
ՊՆ–ից հայտնում են, որ անտեսելով կրակի դադարեցումը` Ադրբեջանի ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել
Անտեսելով կրակի դադարեցումը` Ադրբեջանի ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

«Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը», – նշել է նա Facebook–յան իր էջում։

Քիչ առաջ Ստեփանյանը հայտնել էր, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։

Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–